Նորավանք. Պատմությունը


 Պատմությունը
Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.)։


Նորավանք։ Մոմիկ
Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250?–1339 թթ.)։
Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ (1286 թ.) Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։
Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին (1321թ.) եկեղեցու ճարտարապետը և քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե Նորավանքի համալիրի տարածքները. այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։
Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թ. երկրաշարժից կործանված գմբեթը ներկայիս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261թ. վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321թ. երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։
Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թթ. վերականգնվել են Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։


Համալիրը
Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։

Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից

1 մեկնաբանություն:

  1. Միակ ճանապարհը դեպի երկինք:

    Եթե մենք ուզում ենք մեկ վայր գնալ, որ չգիտենք այդ ճանապարհը,
    Մենք պետք է անձին, որ նա երբեւէ գնա այդ վայրից կամ անձից այդ վայրից
    վերցնել մեզ, դրանով չենք կորցրել:
    Այս մտածելակերպը շատ խելամիտ է եւ կարող է ընդունվել մեր տրամաբանությամբ:

    Եթե մենք ուզում ենք գնալ դեպի երկինք, մեզ հարկավոր է, որ Նա իմանա, թե ինչ ճանապարհ է անցնում
    Երկնային կամ երկնային անձը գնում է Երկրի, եւ նա կարող է վերադառնալ
    կրկին, դեպի երկինք: Մարդը Հիսուսն է, նա վերադառնում է դեպի երկինք
    ականատես իր աշակերտների (Գործք 1.9-11), այնպես որ Հիսուս չունի
    Grave Երկրի վրա: Հիսուսը կարող է բերել քեզ դեպի երկինք, բայց մեկ այլ անձ
    որ նրա գերեզմանը Երկրի վրա, ապա դուք չգիտեք նրա ոգին գնալու համար
    Երկինք կամ գնացեք դժոխք: Այս անձը համոզված չէ, որ ձեզ բերում է դեպի երկինք:

    Ինչպես հետեւել Հիսուսին, հետեւելով նրա խոսքին եւ դա անել:
    Ինչպես իմանալ նրա խոսքը, ամեն օր Աստվածաշունչ ընթերցելով:
    Տեղեկացրեք յուրաքանչյուրին, ով հավատում է Հիսուսին որպես Աստծո որդին:

    ReplyDelete

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Օգտակար հղումներ | Կապ | Օնլայն տեսախցիկներ
All Rights Reserved. 2011-2017