Հայաստան (Պատմություն)


Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար) հուշարձաններով։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը` ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարի դարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի` մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։


Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հզ տարի առաջ։

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում` Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձանները առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարը նորագույն ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժա- մանակաշրջանով։ Մ.թ.ա. 8հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված սալե կոթողների տունը և գանգերի տունը։

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կախված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։

Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 700 քարե արձանիկներ:



Մ.թ.ա. 4-րդ հզ-ի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում մի նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին` մ.թ.ա.3500-2300թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում Քուր-արաքսյան մշակույթը, հատկապես Շենգավիթյան մշակութային համալիրը։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։

Կուր-Արաքսյան ընդհանրության կազմալուծման զուգընթաց մ.թ.ա. 3 հզ-ի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։

Մ.թ.ա. 3 հզ-ի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզիդարյան մշակույթը։

Մ.թ.ա. 16դ. վերջ - 13դ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հզ.-ում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը` Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, դարձավ Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

0 մեկնաբանություն:

Ավելացնել մեկնաբանություն

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Օգտակար հղումներ | Կապ | Օնլայն տեսախցիկներ
All Rights Reserved. 2011-2017