Ծիծեռնակաբերդ



Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ): Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967-ին։ Բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին: Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։


44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմում), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

0 մեկնաբանություն:

Ավելացնել մեկնաբանություն

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Օգտակար հղումներ | Կապ | Օնլայն տեսախցիկներ
All Rights Reserved. 2011-2017