Զինված Ուժեր



Հայաստանի Հանրապետության բանակը` Զինված Ուժերը, ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $600 միլիոն։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպես և հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, ըստ իս, կարելի է բաժանել երեք փուլի:



Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:

Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:

Այս փուլերից յուրաքանչյուրը, լինելով մեր բանակային պատմության շղթայի կարևորագույն օղակ, առանձնանում է իր յուրահատկություններով, զարգացման տրամաբանությամբ, տվյալ ժամանակում գոյություն ունեցող իրողություններով և մինչև իսկ հոգեբանությամբ: Ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ ավելի բարդ, քանզի դրանք համեմատելի չեն մի շարք առումներով. համեմատելի չեն ժամանակները, քաղաքական իրողությունները, առկա ռեսուրսները:

1988 ից մինչև 1992 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունն ու բնորոշիչը ինքնաբուխ հայրենասիրությունն էր, ավելի խիստ, թերևս` տարերայնությունը: Առհասարակ, «բանակ» ասելիս, առաջին միտքը, որ կծագի ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը: Վերը հիշատակված տարիների պատմությունը թերթելիս նման բաներ հաստատապես չենք գտնի, ինչը սակայն, որևէ կերպ չի նսեմացնում դրանց կարևորությունը: Այդ շրջանի «բանակը» հայ քաղաքական նորելուկ միտքն էր և նրա ջղաձիգ (բայց և հաջող) ջանքերը` լուծելու պատմական այս ժամանակաշրջանում իր առջև դրված գերագույն խնդիրները. անկախ պետականության վերականգնում և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արդար դատի պաշտպանում: «Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը: «Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները (թվով շուրջ 80), որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ: Հակառակորդ, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և հայերի զանգվածային տեղահանություն իրականացնելով` այլևս չէր խորշում ոչնչից և ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ամենն իրագործվում էր կոմունիստական վարչակարգի ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև գործուն մասնակցությամբ: Դրա ամենավառ ապացույցը եղավ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Դրան հաջորդեցին Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի ու Բերդաձորի ենթաշրջանի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումները:

Բոլոր այս ճնշումների դեմ հանդիման կանգնած էին հայ կամավորական ջոկատները, որոնց գործողությունները, կրկնում եմ, տարերային էին, չկոորդինացված և տեղի էին ունենում Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համակարգող միասնական կենտրոն-կառույցի բացակայության պայմաններում: Եվ սակայն դրանք այն կենսունակ սաղմերն էին, որոնցից, անկախության հռչակումից անմիջապես հետո, պիտի ծնվեին հայոց փառապանծ բանակի ստորաբաժանումները:

Կամավորականները, որոնք որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով իրենց տեղը պետք է զիջեին կանոնավոր զորամիավորումներին, փայլուն կերպով կատարեցին իրենց առջև, իրենց իսկ կողմից դրված խնդիրները: Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում. Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան... շատ ու շատ այլոք, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը: Ցավոք, շատերն իրենց կյանքի գնով:

1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր ՀՀ Պաշտպանության Նախարարությունը:

0 մեկնաբանություն:

Ավելացնել մեկնաբանություն

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Օգտակար հղումներ | Կապ | Օնլայն տեսախցիկներ
All Rights Reserved. 2011-2017