Նորավանք. Պատմությունը
Պատմությունը
Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։
Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Բյուրական անունը գալիս է «բյուր»՝ 10 000 և «ակն»՝ «աղբյուր» բառերից:
Գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է Xդ. պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, որը, գնելով Բյուրականը, դարձրել է իր դաստակերտը, այնտեղ կառուցել եկեղեցի (Ս.Հովհաննես) և հաստատել կուսակրոնների միաբանություն։ Պատմագիրը հիշատակում է նաև Բյուրականի ամրոցը, ուր ինքը փորձել է պատսպարվել արաբական Նըսըր ոստիկանի հետապնդումներից, սակայն տեղեկանալով, որ արաբները մոտենում են, փախել է Բագարան։ Բյուրականի բնակիչները 7 օր դիմադրել են, սակայն արաբները խուժել են ամրոց, սրի քաշել մոտ 200 մարդու և գերեվարել շատերին։ Նըսըրը, զգալով իր արարքի անարդարացիությունը, անսպասելիորեն ազատել է գերիներին։
Գառնու ձոր (Ազատ գետի կիրճ)
Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:
Շատ գեղեցիկ է Ազատ գետը, որը հանդիսանում է Արաքսի ձախ վտակը: Երկարությունը 55կմ է, ավազանը՝ 572ք.կմ: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով: Արգելոցով հոսող հատվածը անվանում են նաև Միլի գետ: Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն:
Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին: Հորդառատ օրերին կարելի է լսել, թե ինչպես են ջրերը հատակից պոկում քարերն ու խփում իրար: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար: Ազատի ջրերով է սնվում Ազատի ջրամբարը և ՀԷԿ-ը: Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 6,51խ.մ/վ է, առավելագույնը՝ 35,9խ.մ/վ, հոսքը՝ 206մլն.խ.մ է:
Արփա գետի ձոր
Արփա գետը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքից և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք.կմ:
Այն սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով, ունի մեծ անկում: Ջերմուկի մոտ ընդունում է աղբյուրներից առաջացած ջրվեժը: Միջին հոսանքի որոշ հատվածներում Արփայի հովիտը լայն է, դարավանդավոր, ստորին հոսանքում դուրս է գալիս մերձարաքսյան հարթավայր:
Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը: Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսին, առավել չափով՝ մայիսին: Տարեկան միջին ծախսը՝ 21,6խ.մ/վ է, առավելագույնը՝ 146խ.մ/վ, նվազագույնը՝ 6,2խ.մ/վ: Տարեկան հոսքը՝ 682մլն.խ.մ:
Արտանիշ լեռը
Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին: Բարձրությունը՝ 2461մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560մ): Հաճախ ընդգրկվում է լեռնային տուրիզմի երթուղիներում, քանի որ վերելքը համեմատաբար թեթև է, իսկ տեսարանը գագաթից՝ անմոռանալի: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից:
Արալեռ
Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:
Կլիման ցամաքային է, տեղումները` 300-400մմ: Ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ:
Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Տարվա տաք եղանակներին ամբողջ լեռը պատվում է գույնզգույն փարթամ ծաղիկներով: Պատահում են բազմաթիվ կենդանիներ: Գագաթի քարքարոտ մասերում, հատկապես շատ են թունավոր օձերը:
Տաթևի վանք
Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում):
Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044թ.-ին հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։